Իմ վերլուծության համաձայն՝ Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան։ Երբ տարածքով ցանկանում են միաժամանակ անցկացնել մի քանի փոխբացառող երթուղիներ, խոսքը ոչ թե խաղաղության, այլ տարածության նկատմամբ վերահսկողության համար մղվող պայքարի մասին է։
Այս փոփոխության հիմքում ընկած է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր գործարքը։ Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը և ֆինանսական ակտիվների սառեցումից ազատումը կունենան ուղղակի ազդեցություն Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։ Այս գործարքը կազդի Մեծ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայության տրամաբանության վրա, ինչը, իր հերթին, կներգրավի նաև Կովկասը։
Ներկա իրողություններում Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP («Միջազգային խաղաղության և բարեկեցության հաղորդակցության ուղի») նախագիծը կամ առնվազն դադարել այն որպես «կարմիր գիծ» դիտարկել։ Նոր կոնֆիգուրացիայում TRIPP-ը դառնում է Թուրքիա ածխաջրածինների մատակարարման կարևոր երթուղի, ինչը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիր։
Այս համատեքստում կարևոր է նաև ՆԱՏՕ-ի օրակարգում ինքնավար վառելիքային համակարգի ձևավորումը՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների մատակարարման նպատակով։ Այս համատեքստում կարևորվում է Թուրքիայից Արևելյան Եվրոպա նոր վառելիքատարը (Թուրքիա-Ռումինիա նավթամուղը)։ Կանխատեսում եմ, որ տեսանելի ապագայում ԱՄՆ-ն կառաջ մղի Տրանսկասպյան գազատարի նախագիծը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ողջ շարադրված ռազմավարության իրագործման համար։
Այս ամենի արդյունքում Հարավային Կովկասը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ձևավորվող լոգիստիկայի կառուցվածքային տարրը։
Միևնույն ժամանակ, հնարավոր է նաև իրանական ածխաջրածինների մատակարարումների ավելացում դեպի Թուրքիա, հատկապես բնական գազի։ Իրանի և Թուրքիայի միջև պայմանագիրը, որը նախատեսում է տարեկան 10 մլրդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում, երկարաձգման է դիմելու է։ 2025 թվականին իրական մատակարարումները կազմել են 7,7 մլրդ խորանարդ մետր։ Թուրքիան արդեն ցանկություն է հայտնել երկարաձգել պայմանագիրը, ինչը, իր հերթին, ուժեղացնում է մրցակցությունը Ադրբեջանի հետ թուրքական գազի շուկայում և պոտենցիալ կերպով թուլացնում է Բաքվի բանակցային դիրքերը Անկարայի հետ էներգետիկ երկխոսության մեջ։
Այս իրադարձությունների համադրությունը վկայում է այն մասին, որ մեծանում է Կովկասի՝ որպես մերձավորարևելյան և եվրասիական քաղաքականության համակցման տարածության նշանակությունը։ Եթե Իրանը մասնակիորեն դուրս է գալիս մեկուսացման ռեժիմից, ապա պայքարը կմղվի ոչ թե նրա զսպման, այլ իրանական էներգակիրների և ապրանքների շարժման երթուղիների նկատմամբ վերահսկողության համար։ Սա, իմ կարծիքով, ավտոմատ կերպով բարձրացնում է Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը բոլոր արտաքին խաղացողների համար և դարձնում է այն նոր լոգիստիկ և էներգետիկ հոսքերի նկատմամբ վերահսկողության համար մղվող պայքարի առանցքային տարածություններից մեկը։