Եվրամիությունը մտադիր է ակտիվացնել փոխգործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի և տրանսպորտային-էներգետիկ կապերի զարգացման նոր ռազմավարության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։
Ըստ նրա՝ նոր ռազմավարության առանցքային տարրերից է փոխկապակցվածության օրակարգը, որի նպատակն է ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը։ «Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Սև ծովի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նոր ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը փոխկապակցվածության օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի Եվրոպան ավելի լավ կապենք Կենտրոնական Ասիայի հետ», — նշել է Կոսը։
Պաշտոնյան նաև հավելել է, որ ԵՄ-ում տեսնում են, թե որքան խոցելի են այսօր, երբ հյուսիսում առևտրային երթուղիները խափանվել են Ռուսաստանի, իսկ հարավում՝ Իրանի պատերազմի պատճառով։
Նիստի ընթացքում ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ փոխգործակցության խորացման հետագա քայլերը։ Ըստ Կոսի՝ նախարարները կքննարկեն, թե ինչպես ավելի լավ փոխգործակցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ արդեն իսկ կան կոնկրետ նախագծեր, որոնք կարելի է սկսել իրագործել։
Այս առիթով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել նաև Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության ուղարկմանը Հայաստան՝ կիբեռսպառնալիքների դեմ պայքարի նպատակով։ Առաքելությունը կունենա երկամյա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության Առաքելություն» (EUPM Armenia)։ Առաքելության խնդիրն է ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ տրամադրելով ռազմավարական և գործնական խորհրդատվություն։