Ապրիլի 20-ին Հայաստանում այցելել է Իրաքի Հանրապետության ՆԳՆ կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը՝ գլխավորությամբ գեներալ, դոկտոր Հասան Հադի Լազիզ Ալիի։
Պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը նշել է, որ կիբեռհանցավորության դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերը հանդիսանում են ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Նա ընդգծել է, որ առցանց հանցագործությունների դեմ պայքարի շնորհիվ գրանցվել են դրական ցուցանիշներ, որոնք վկայում են ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետության մասին։
Արթուր Բարսեղյանի խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը կենտրոնացած է ոչ միայն կիբեռհանցագործությունների բացահայտման, այլև դրանց կանխարգելման վրա։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ և զարգացվում են քաղաքացիների հետ հաղորդակցման հարթակները։
Իրաքի պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի կողմից հանցավորության դեմ պայքարում որդեգրված քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ՆԳ նախարարության հետ համագործակցությունը՝ փոխանակելով իրաքյան փորձը և հանցավորության դեմ պայքարի հայտնի դինամիկան։
Հանդիպման ընթացքում Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է վարչության կառուցվածքը և գործունեության առանձնահատկությունները՝ անդրադառնալով ոլորտային առավել նեղ մասնագիտական հարցերին։
Պատվիրակությունը նաև այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունը և կրթահամալիրի տեխնիկական հագեցվածությունը։