«Պրիմակովյան ընթերցումներ» XII միջազգային գիտափորձագիտական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի զարգացման ուղու ընտրությամբ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի շահավետ է, քան Հայաստանի պոտենցիալ անդամակցությունը Եվրոպական միությանը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, որոնց միավորում է սերտ պատմական կապը և ինտեգրացիոն գործընթացը։ «Շատ դարեր շարունակ մեր երկրները եղել են հարևան և եղբայրական։ Այս տեսանկյունից մենք սերտորեն միահյուսված ենք, և մեր երկրներում ապրում են մեծ թվով մեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Եվ մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց, որը, մեր համոզմամբ, տարեկան զգալի տոկոս է ապահովում Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ հայ ժողովուրդն ու երկրի ներկայիս ղեկավարությունը կվերլուծեն իրավիճակը և կընտրեն ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն ճանապարհը։ Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացը, որը ներառում է ԵԱՏՄ-ն, իր բոլոր որակական բնութագրերով զգալիորեն գերազանցում է այլընտրանքային տարբերակներին։