Հայաստանի առողջապահական համակարգում տեղի է ունեցել կարևորագույն իրադարձություն։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։ Այս նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս հայ պացիենտներին ստանալ համաշխարհային մակարդակի բժշկական ծառայություններ՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։
Հեռավար վիրահատությունը, որը տևել է ընդամենը երկու ժամ, իրականացվել է ուրոլոգիայի ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից մեկի՝ Բելգիայի Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ և Orsi ակադեմիայի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ալեքսանդր Մոթրի կողմից։ Վիրաբույժը միջամտությունն իրականացրել է հեռավար՝ գտնվելով հիվանդից ավելի քան 3300 կիլոմետր հեռավորության վրա։
Այս ձեռքբերումը Հայաստանին դասում է աշխարհի առաջատար այն երկրների շարքին, որոնք ունեն հեռավար վիրահատության ծառայություն։ Այս նոր ոլորտում «Սլավմեդ»-ի կողմից ձևավորվել է մասնագիտացված թիմ, որը աշխատում է ռոբոտացված հեռավար վիրաբուժության ոլորտում։
Հաջող իրականացման առանցքային գործոններն են եղել բժշկական կենտրոնում ներդրված Toumai MT-1000 գերժամանակակից ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ մասնագիտացված մոդուլով՝ հեռավար վիրահատությունների համար, ինչպես նաև կլինիկայի տիրապետած գերարագ ինտերնետ-ալիքները։
Պրոֆեսոր Ալեքսանդր Մոթրը նշել է, որ հեռավար վիրահատությունների ժամանակ թիմերի միջև համակարգված աշխատանքը շատ կարևոր է։ Նա բարձր է գնահատել «Սլավմեդ»-ի կողմից ապահովված մակարդակը՝ նշելով, որ այս նախաձեռնությունը կլինիկայի համար նոր էջ է բացում։